Նոր իշխանությունները շարունակում են Հանրապետականների ավերիչ քաղաքականությունն առողջապահության ոլորտում
Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները նախատեսել են փակել Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը՝ միացնելով Գյումրու բժշկական կենտրոնին, իսկ ճառագայթային թերապիայի ծառայությունը ընդհանրապես տեղափոխել Երևան։
Այս տեղեկությունն իմանալուց հետո առաջին միտքը, որ եկավ ինձ մոտ, այն էր, թե նորին Հանրապետական կուսակցությունն ավիրում է երկիրը, ամեն ինչ կենտրոնացնում է Երևանի ուղղությամբ։ Մի՞թե հեղափոխությունից հետո պատկերը բացարձակ նույն է մնացել․ նոր իշխանությունները շարունակում են Հանրապետականների ավերիչ քաղաքականությունը՝ փակելով առողջապահական ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։
Իմ մերձավոր բարեկամներից ու ծանոթներից շատերը դիսպանսերի հիվանդ են կամ բուժում են ստացել այնտեղ։ Ինքս օնկոլոգիական հիվանդությունների բուժումն ու հայաստանյան պատկերն անձամբ սկսեցի ուսումնասիրել մեկ տարի առաջ, երբ մորս մոտ ուռուցք հայտնաբերվեց։ Այս մեկ տարվա փորձը բավարար է, որ հստակ նշեմ՝ կառավարությունը, եթե Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը փակի, ճակատագրական սխալ կգործի։
Նախ պետք է հասկանանք, որ դիսպանսերը մարզի բնակչությանը մատուցում է անվճար ծառայություն, կրկին իմ փորձից նշեմ, որ մայրաքաղաքում նույն բուժումն իրականացնելը, ինչ ստացավ մայրս Գյումրիում, կարժենար մի քանի միլիոն դրամ (մայրաքաղաքային 4 բուժհաստատության առաջարկվող բուժման գնացուցակով)։ Կարծում եք՝ մարզի բնակչությունն այդքան հարու՞ստ է, որ կարողանա օգտվել Երևանի հիվանդանոցների ծառայություններից՝ չհաշված նաև տեղաշարժն ու մայրաքաղաքում մնալու ծախսերը։
Ըստ որոշ տեղեկությունների (դրանք փորձում եմ ճշտել)՝ իշխանություններին մերձավոր շրջապատից ոմանք մայրաքաղաք են բերել ուռուցքաբանության նոր սարքավորումներ ու հիմա ցանկանում են նմանատիպ որոշումներով հանրապետության օնկոլոգիական հիվանդությունների բուժման ողջ հոսքն ուղղել դեպի «իրենց» հիվանդանոցներ՝ միլիարդներով գումար լափելու համար։ Եթե նման բան կա, սա ուղղակի սրբապղծություն է։
Մյուս հանգամանքը, որ կուզենայի շեշտել կապված է օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեխանիզմի հետ, այն միշտ բարդ ու համալիր ընթացակարգ է ենթադրում ու շատ բան կախված է հիվանդի տրամադրվածությունից։ Կարող եմ վստահ ասել, որ բուժման ճանապարհին ցանկացած խոչընդոտ կամ բարդություն հիվանդների մոտ հոգեբանական ընկճվածություն է առաջ բերում, գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ հիվանդներն անգամ հրաժարվել են ողջ բուժումից։
Իշխանություններին հարցում եմ ուղարկել Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի փակման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ու հիմնավորում ստանալու համար, թեև որևէ ռացիոնալ փաստարկ ինքս էլ չեմ կարող տեսնել նման որոշման մեջ։ Ինչևէ, պատասխանին կախված, կներկայացնեմ իմ և դիսպանսերի հետ առնչություն ունեցած շատ այլ մարդկանց դիրքորոշումը և ըստ անհրաժեշտության կդիմենք համապատասխան գործողությունների։
Արմեն Բադալյան