Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները. ստորագրված փաստաթուղթն ու հետևությունները
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընթացավ Արցախյան երկրորդ պատերազմը։ Ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, կարողացան գրավել Ֆիզուլին, Ջաբրայիլը, Հադրութը, Զանգելանը, Շուշին և որոշ տարածքներ շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում։
Մոսկվայի միջնորդությամբ ստորագրվեց կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարություն (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան), որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։
Ներկայացնենք ստորագրված փաստաթղթի հիմնական դրույթներն ու մեր դիրքորոշումները։
ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
2020 թվականի նոյեմբերի 10-ից ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվելու են, Հայաստանն ու Ադրբեջանը մնալու են իրենց կողմից վերահսկվող դիրքերում։
Այս դրույթի մեջ ամենացավոտ կետն այն է, որ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ներառյալ Հադրութն ու Արցախի խորհրդանիշ Շուշին։ Փաստացիորեն Ադրբեջանը հասավ իր հնարավոր առավելագույն նպատակին։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ․
Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Արցախի անվտանգության ողջ գոտին, այդ թվում․
- Մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը,
- Մինչեւ նոյեմբերի 20-ը՝ Ասկերանի (Աղդամի) շրջանը ու Ղազախի շրջանի հայկական զորքերի կողմից վերահսկվող տարածքները,
- Մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։
Նախապատերազմական բանակցային գործընթացում նախատեսվում էր նախ ադրբեջանական 5 տարածքների, ապա նաև Հայաստանի ու Արցախի միջև գտնվող 2 տարածքների վերադարձ։ Այս փաստաթղթով Հայաստանը փաստացիորեն միակողմանի զիջման է գնում, իսկ Ադրբեջանն առանց որևէ պարտավորության վերադարձնում է բանակցությունների գործընթացում փոխզիջումային նշանակություն ունեցող տարածքները։ Այժմ Բաքուն ցանկացած բանակցությունների ժամանակ հանդես է գալու ուժեղի դիրքերից ու մեծ հաշվով իր կողմից զիջումների չնչին տեղ է թողնում։
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ․
Հայկական կողմի վերահսկողության տակ է մնալու Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Արցախի ու Հայաստանի կապը՝ շրջանցելով Շուշին։ Երեք տարվա ընթացքում հստակեցվելու է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման պլանը։ Ճանապարհի անվտանգությունը ապահովելու են ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը երաշխավորելու է Լաչինի միջանցքի տեղաշարժի անվտանգությունը։
Բանակցային գործընթացում այս դրույթը ևս հիմնական կետերից մեկն էր, հարցն այն է, թե նախատեսվող երթուղին ինչպես է կառուցվելու։ Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու ու թե դրա իրագործման համար ինչ խոչընդոտներ կարող են առաջ գալ, դեռ դժվար է կանխատեսել։
ՆԱԽԻՋԵՒԱՆ – ԱԴՐԲԵՋԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ․
Տարածաշրջանում բացվելու են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանն ապահովելու է տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, որի վերահսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները: Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կառուցվելու է նոր տրանսպորտային ճանապարհ։
Ադրբեջանի և Նախիջանի միջև ցամաքային կապի ապահովման մասին դրույթներ Մինսկի խմբի հռչակված սկզբունքների ցանկում չկար, միայն 2000-ականների սկզբներին շրջանառության դրվեց «Մեղրի-Լաչին» հարցը, որն այդպես էլ օրակարգային չդարձավ։ Այժմ Ադրբեջանը ստանալու է կարևորագույն ռազմավարական հնարավորություն․ փաստացիորեն Բաքուն և Անկարան այլևս կապվելու են ցամաքային ճանապարհով, ինչն առաջնահերթ կարևորվում է տնտեսական տեսանկյունից, ապա նաև թուրանական պլանի իրագործման համար։ Ավելին քան հասկանալի է, որ Հայաստանի համար այս անցանկալի որոշումը մենք ընդունել ենք Լաչինի միջանցքը ապահովելու դիմաց։
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ․
Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքում (1960 զինվորական, 90 միավոր զրահատեխնիկա եւ 380 միավոր ավտոմեքենաներ ու հատուկ տեխնիկա)։ Խաղաղապահների տեղակայման հետ զուգահեռ հայկական զորքերը դուրս են բերվելու տարածքներից։ Խաղաղապահները տեղակայվելու են 5 տարի ժամկետով, այդ ժամկետն ավտոմատ երկարացվելու է հնգամյա ժամանակահատվածներով, եթե առկա է կողմերի համաձայնությունը։ Պայմանավորվածության կատարման համար ձեւավորվելու է կրակի դադարեցման վերահսկողության խաղաղապահ կենտրոն։
Խաղաղապահ ուժերի տեղակայումը ևս նախատեսված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամյա բանակցությունների արդյունքում խմբագրված սկզբունքային կետերում։ Այստեղ կարևորագույն նշանակություն ունի այն իրողությունը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել նաև Թուրքիայի զորակազմ, ինչն իհարկե անընդունելի է Հայաստանի ու Արցախի համար։
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԴԻԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ․
Իրականացվելու է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում։
Այստեղ միակ հանգամանք այն է, որ փոխանակումը իրականացվի հնարավորինս սեղմ ժամանակահատվածում և պայմանավորվածություններին համընթաց։
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ․
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողությամբ փախստականներն ու ներքին տեղահանվածները վերադառնալու են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ:
Փախստականների հարցը ևս Մինսկի խմբի բանակցությունների առանցքային կետերից է։ Այստեղ պետք է հասկանալ, որ փախստականների վերադարձի հանգամանքից է կախված Արցախի վերջնական կարգավիճակի հարցը, թեև այս փաստաթղթում դրա մասին որևէ բան չի խոսվում, մինչդեռ հայկական կողմից բանակցային կարևորագույն «ռուբիկոնն» էր այն հարցը, որ հանարքվեով որոշվելու էր Արցախի վերջնական կարգավիճակը։ Այս համաձայնությամբ հաղթական խաղաթղթերը կրկին Բաքվի ձեռքերում են․ հետագայում ինչպես կկազմակերպվի փախստականների վերադարձը, կախված է Ադրբեջանից, պարզ է, որ Ադրբեջանն այդ ամենն ի նպաստ իրեն է կազմակերպելու։
Փաստացիորեն կարող ենք ասել, որ այս փաստաթուղթը նշանակում է հայկական կողմի պարտությունը պատերազմում, Արցախը կորցնում է իր վերահսկողության տակ գտնվող շուրջ 7000 քկմ տարածք։
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ․
Ռազմագիտական տեսանկյունից ակնհայտ է, որ Արցախի լեռնային հատվածներում Ադրբեջանը երբեք չէր կարող արագ հաղթանակի հասնել՝ հաշվի առնելով տեղանքն ու զինուժի բալանսը։ Ակներև է, որ մենք գործ ունենք լուրջ դավաճանության հետ․ հայկական զորքերի կողմից վերահսկվող զգալի տարածքներ փաստացիորեն հանձնվել են առանց իրական կենաց-մահու մարտերի, որոնց մասին բարձրաձայնում են հայկական երկու հանրապետությունների իշխանությունները։ Անհնար է պատկերացվել, որ Շուշին կարող էր մեկ-երկու օրում գրավվել, երբ հավաքագրված աշխարհազորայինները Հայաստանի զորամասերում սպասում էին՝ երբ են մեկնելու ռազմաճակատ։ Այս իրավիճակում ավելի հստակ է դառնում, թե ինչու 2018-ին Սարգսյանն իշխանությունն հանձնեց Փաշինյանին և թե ինչու 2020-ին այդպես էլ գրագետ հակահարձակողական գործողություններ չկազմակերպվեցին։ Ցավոք, Արցախն այսօր միջազգային քաղաքականության շախմատային պարտիայի գամբիտը դարձավ, առաջարկներ, որոնց մասին բարձրաձայնվել էին դեռ քառորդ դար առաջ, այսօր դարձան իրականություն։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ․ Մենք չենք պարտվել, մենք քաղաքական խաղի զոհ ենք դարձրել։